Call our lawyer

+ (374 10) 57 51 21

Հարկային իրավունք


Բավականին հաճախ Հայաստանի Հանրապետության ընկերությունների զգալի մասը հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվարկների / հաշվետվությունների կազմմանը թեթև են վերաբերում և դրանց պատրաստման գործընթացի պատասխանատվությունը հիմնականում դրվում է ընկերության գլխավոր հաշվապահների վրա: Միաժամանակ, հաշվապահների աշխատանքի ժամանակատարությամբ և հարկային օրենսդրության հաճախակի փոփոխություններով պայմանավորված` ընկերության գլխավոր հաշվապահները ոչ միշտ ունեն հնարավորություն տեղյակ լինելու օրենսդրական վերջին փոփոխություններին, դրանցով սահմանված դրույթներին, օրենքի դրույթները պարզաբանող հրահանգներին և պաշտոնական պարզաբանումներին:

Միևնույն ժամանակ արտասահմանյան ընկերությունների մեծ մասը, ինչպես նաև հայաստանյան մի շարք մեծ ընկերություններ, պայմանավորված ֆինանսական հնարավորություններով և ֆինանսական / հարկային ռիսկերը մինիմացնելու ցանկությամբ` տարանջատում են ֆինանսական և հարկային հաշվառման գործառույթները, հարկերի հաշվարկման և հարկային պլանավորման համար ներգրավում են առանձին մասնագետ(ներ)ի և (կամ) արտաքին խորհրդատուների, ինչը վերջիններիս տալիս է զգալի մրցակցային առավելություն և կայուն զարգացման երաշխիքներ:

Հարկային օրենսդրությամբ սահմանված դրույթների խրթինությամբ պայմանավորված` շատ դեպքերում դրանք յուրաքանչյուր անձի (ներառյալ ընկերությունների հաշվապահների, ինչպես նաև հաճախ հարկային տեսուչների) կողմից մեկնաբանվում են յուրովի` առանց դրա կիրառման վերաբերյալ կոնկրետ դեպքերի իմացության, ինչի արդյունքում նշված մասնագետները երբեմն ընտրում են ոչ ճիշտ կամ «ավելի ապահով» մեկնաբանություն, ինչը բերում է «հարկերի և հարկային պարտավորությունների ավելացման / ավել հաշվարկի»: Հարկային օրենսդրության դրույթներին վատ տիրապետելու և (կամ) յուրովի մեկնաբանելու արդյունքում ընկերությունները հաճախ կարող են կրել մեծ ֆինանսական կորուստներ ինչպես հնարավոր տուգանքների և տույժերի, այնպես էլ «ավել վճարված գումարների» տեսքով:

Համապատասխան մասնագետների հարկային օրենսդրության բավարար իմացությունը չի երաշխավորում ընկերությանը որոշ դեպքերում տեխնիկական վրիպակների և մարդկային գործոնով պայմանավորված այլ սխալների բացակայությունը: Նման վրիպակները կարող են բացահայտվել այլ անձի կողմից` հարկային աուդիտի միջոցով, ինչն էականորեն կարող է նվազեցնել նման սխալների առկայությունը:

«Կոնցեռն-Դիալոգ» ընկերությունը հարկային ոլորտում առաջարկում է հետևյալ ծառայությունները՝
-Հարկային իրավունքի և հաշվառման ընդհանուր հարցերով խորհրդատվություն;
- Հարկային հաշվետվությունների կազմում և կազմման հետ կապված հարցերով խորհրդատվություն;
- Հաշվետու ժամանակաշրջանների հարկային աուդիտ և հարկային ռիսկերի բացահայտում;
- Խորհրդատվություն հարկերի գումարների (ներառյալ ԱԱՀ գերավճարների) վերադարձման հետ կապված հարցերով, նշված հարցերով փաստաթղթավորման աջակցություն, գումարների վերադարձի հետ կապված գործընթացներում ներկայա­ցուցչություն, ինչպես նաև հարկերի գումար­ների վերադարձի գործընթացի ամբողջա­կան իրավական ուղեկցություն;
- Գործարքների իրավական ուղեկցում` հաշվի առնելով հարկային օրենսդրության պահանջները (ներառյալ ուղղված հարկային պարտավորությունների օպտիմալացմանը)
- Հարկային օրենսդրության պահանջների ապահովման նպատակով պայմանագրերի և այլ իրավա-հաշվապահական փաստա­թղթերի պատշաճ ապահովում (կազմում կամ կազմման գործընթացի հետ կապված խորհրդատվություն);
- Մասնակցություն հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների ընթացքում ինչպես նաև Ընկերության և Տնօրենների / Գլխ. հաշվապահների իրա­վունք­ների և օրինական շահերի պաշտպանություն;
- Վարչական ներկայացուցչություն / վարչական ակտերի գանգատարկում վերադասության կարգով (ընկերության շահերի ներկայացում, գանգատի կազմում կամ կազմման գործընթացում մասնակցություն խորհրդատվության տեսքով)
  - Դատական ներկայացուցչություն հարկային հարցերով:
 
Facebook