Ժաննա Սիմոնյան. «Չպետք է շփոթել չաշխատող և աշխատող կանանց նպաստները» - Առավոտ.am

«Իրականում աշխատող կանանց տրվում է անաշխատունակության արձակուրդ և դրա համար է նպաստ վճարվում, դա այլ տեսակ սոցիալական օգնություն է, իսկ չաշխատողների նպաստը արդեն պետության խնդիրն է: Այսինքն` գովելի է, որ պետությունը փորձում է նպաստ վճարել չաշխատող կանանց: Բայց տվյալ դեպքում դա այլ տեսակի նպաստ պիտի լինի», - Ժ.Սիմոնյան

J.Simonyan«Պետք է այդ սահմանափակումները չլինեն. կոնկրետ աշխատանքային ստաժով պայմանավորված սահմանափակումներ չլինեն, քանի որ կանանց աշխատանքի ընտրության սկզբունքն էլ է տվյալ դեպքում խախտվում: Աշխատող կանայք սահմանափակումներ կունենան նաև իրենց գործատուի ընտրության, փոփոխության հարցում»,- Առավոտ.am-ի հետ զրույցում «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական ընկերության փաստաբան Ժաննա Սիմոնյանը այսպիսի լուծում առաջարկեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքիվերաբերյալ օրենսդրական փոփոխությունների առումով:

Հիշեցնենք, որ մայրության նպաստ ձևակերպմամբ կառավարությունն առաջարկում է վերանվանել հղիության եւ ծննդաբերության նպաստը: Առաջարկվում է 275 հազար դրամ՝ չաշխատող հղիներին, ինչի պատճառով աշխատող հղիների նպաստը կկրճատվի:

Փաստաբանի փոխանցմամբ` խնդիրն այն է, որ նախագծի համաձայն` վերին շեմ է սահմանվում, որով պիտի հաշվարկվի նպաստը. «Այսինքն` ըստ նախագծի նվազագույն աշխատավարձի հնգապատիկից ավելին չի կարող լինել նպաստի հաշվարկման համար հիմք հանդիսացող միջին աշխատավարձի չափը, եթե ծնվում է առաջնեկը: Սա բավականին փոքր թիվ է կազմում բարձր աշխատավարձ ստացող կնոջ համար, քանի որ նվազագույն աշխատավարձը 50 հազար դրամ է, որի հնգապատիկը 250 հազար դրամ է»: Ժաննա Սիմոնյանը խոսեց նաև այլ սահմանափակումների մասին, որոնք սահմանում է նախագիծը. «Սահմանափակումներ կան նաև աշխատանքային ստաժի հետ կապված, այսինքն` գործատու փոխելու դեպքում կինը, որ պատրաստվում է երեխա ունենալ, խնդրի առաջ է կանգնելու: Պատճառն այն է, որ ըստ նախագծի` մինչև 1 տարի աշխատանքային ստաժ ունեցողները նպաստ կստանան իրենց աշխատավարձի 40 տոկոսի չափով, 1-3 տարի աշխատանքային ստաժ ունեցողները` 60 տոկոսի չափով, իսկ 3-ից ավելի տարի աշխատանքային ստաժ ունեցողները նոր միայն 80 տոկոսի չափով»:

Մեր դիտարկմանը, թե հիմնական պատճառաբանությունը կառավարության կողմից այն է, որ այդպիսով փորձում են լուծել չաշխատող կանանց նպաստի հարցը, օրենսդրական փոփոխություններից հետո նրանք կստանան 275.000 դրամ նպաստ, մի՞թե լավագույն տարբերակն էր աշխատող կանանց գումարների հաշվին լուծել չաշխատողների նպաստի հարցը, փաստաբանն արձագանքեց. «Մոտավորապես այդպես է ստացվում: Իրականում աշխատող կանանց տրվում է անաշխատունակության արձակուրդ և դրա համար է նպաստ վճարվում, դա այլ տեսակ սոցիալական օգնություն է, իսկ չաշխատողների նպաստը արդեն պետության խնդիրն է: Այսինքն` լինելով սոցիալական պետություն` գովելի է, որ պետությունը փորձում է նպաստ վճարել չաշխատող կանանց: Բայց տվյալ դեպքում դա այլ տեսակի նպաստ պիտի լինի: Չպետք է դրանք խառնել մեկը մյուսի հետ»:

 

Զրույցը վարեց Տաթև Հարությունյանը

Օրիգինալ հոդվածը © Առավոտ - Լուրեր Հայաստանից

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21