Արամ Օրբելյան և Ժաննա Սիմոնյան. «Աշխատող կնոջը «ձեռնտու» չէ երեխա ունենալ». հարցազրույց YerevanNews.am-ի հետ

«Օրենքի նախագծի հետ կապված հիմնական խնդիրը պոտենցիալ խտրական մոտեցումն է պարամետրերով, որոնք անհասկանալի են և հիմնավորված չեն», - Ա.Օրբելյան

Սեպտեմբերի 25-ին Կառավարությունում քննարկվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին»՝ մասնավորապես «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

 

Այդ առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փորձագետները հիմնավորեցին, որ շատ սխալ է, որ հղիության համար վճարվող նպաստները հաշվառվում և վճարվում են հղի կնոջ աշխատանքի փորձի հիման վրա:

Գրասենյակի ավագ գործընկեր Արամ Օրբելյանը պատասխանեց. «Փորձը հաշվառվում է, թե վերջին գործատուի մոտ որքան է աշխատել: Եթե կինը վերջին գործատուի մոտ աշխատել է մեկ տարուց պակաս, ապա իր նպաստը հաշվառվում է իր աշխատավարձի 40 տոկոսը այդ 140 օրերի ընթացքում, դա լավագքույն դեպքում: Եթե 1-3 տարի է աշխատել գումարը հասնում է 60 տոկոսի: Իսկ արդեն 3-ից ավել աշխատած կանայք ստանում են 80 տոկոս: Սա լրջագույն խախտում է հղի կանանց հանդեպ, և որոշակի դեպքում կարելի է համարել, որ դա կնպաստի ծնելիության անկմանը»:

 

Աշխատող մայրերը հղիության և ծննդաբերության ժամանակ 140 օրվա համար պետք է ստանան նպաստ: Ըստ սահմանադրության 35-րդ հոդվածի 2-րդ մասի՝ յուրաքանչյուր աշխատող կին հղիության և ծննդաբերության ժամանակ ունի վճարովի արձակուրդի և նոր ծնված երեխայի խնամքի համար արձակուրդի իրավունք: Սահմանադրությունը իր երաշխիքը տալիս է ընտանիքը ամրապնդելու և երեխաներ ունենալու համար: Նոր օրինագծով այստեղ խառնաշփոթ է առաջանում: Չաշխատող մայրերը հղիության նույն ժամանակահատվածի համար պետք է ստանան նվազագույն աշխատավարձի չափով՝ մոտավորապես 220 հազար դրամ 140 օրվա համար:

YerevanNews.am-ի այն հարցին, թե գործատուները ամուսնացած կանանց նախընտրում են չամուսնացածներին վերցնել աշխատանքի, որ գոնե առաջիկայում չունենան «դեկրետ» անցնելու խնդիր, և այդ դեպքում կինը ի զորու չէ՞ դատի տալ գործատուին, «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Ժաննա Սիմոնյանը պատասխանեց. «Եթե իրոք պատճառը ամուսնացած կամ հղի լինելու փաստն է միայն, ապա միանշանակ խախտվում է կնոջ իրավունքը: Եթե մրցույթ հայտարարված չլինի, և նա ինչ-ինչ չափանիշներով չանցնի պետք է արդեն գնահատել, արդյո՞ք հղիությունն էր պատճառը, որ չընդունվեց կինը աշխատանքի»:

 

Արամ Օրբելյանը մանրամասնեց, որ «Իրավական դաշտով կինը կարող է դատի տալ գործատուին: Ապացուցման հետ խնդիր կա դրված դատի տալու և իր իրավացիությունը ապացուցելու համար: Խտրականության գործոնի ապացուցումը շատ դժվար գործ է իրենից ենթադրում: Շատ քիչ է լինում, որ ասեն՝ քեզ գործի չենք վերցնում, որովհետև դու հղի ես, կամ ամուսնացած»: Եթե կինը աշխատում է, ապա նրա համար հղիանալը ձեռնտու չէ, գոնե առաջիկա 2 տարիների ընթացքում: Այս մասին փաստեր բերեց Արամ Օրբելյանը. «Այստեղ հիմնական խնդիրը, որ մենք տեսնում ենք օրենքի նախագծի հետ, պոտենցիալ խտրական մոտեցումն է պարամետրերով, որոնք անհասկանալի են և հիմնավորված չեն: Այսինքն վերջին գործատուի մոտ աշխատելը և աշխատանքային փորձի 1 կամ 3 տարվա աշխատանքը անտրամաբանական է»:

 

Օրիգինալ նյութը © YerevanNews.am

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21