Ս.Ասատրյան. Օրենքով փող աշխատելու մասին. (հարցազրույց «Բիզնեսի անատոմիա» հաղորդման շրջանակներում)

«Մեր գրասենյակում մենք հաճախորդին տալիս ենք ուրիշ երաշխիք՝ միջոցի երաշխիքը: Այն է՝ մենք երաշխավորում ենք, որ բարեխիղճ կլինենք, մեր գործը պրոֆեսիոնալ կանենք: Նաև տալիս ենք այն բոլոր գործիքները, որ ինքը կարողանա մեր պրոֆեսիոնալիզմին ու բարեխղճությանը», _ Սեդրակ Ասատրյան

2015թ. մայիսի 22-ին  «Բիզնեսի անատոմիա» հաղորդման շրջանակներում «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Սեդրակ  Ասատրյանը   խոսեց փաստաբանական բիզնեսի վերաբերյալ.

 

«Հայաստանում միշտ բանավեճ կա այն բանի շուրջ, թե արդյոք փաստաբանական գործուներությունը բիզնես է, թե իրավապաշտպան գործունեություն: Ես վստահ եմ, որ փաստաբանությունը բիզնես է: Այն բնականաբար իրավապաշտպան բնույթ ունի, բայց դա չի խանգարում նրան բիզնես լինել: Մի անգամ մեր գործընկերներից մեկը շատ լավ համեմատություն արեց կինոյի հետ. ոչ ոք չի կարող ասել, որ կինոն արվեստ չէ, բայց ոչ ոք չի կարող ասել նաև, որ կինոն բիզնես չէ:

 

Փաստաբանության մասին օրենքով՝ երբ դու ստանում ես փաստաբանի արտոնագիր, գործունեություն իրականացնելու համար դու ազատ ես գրանցել ցանկացած կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձ կամ գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր: Կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձը կարող է լինել առևտրային և ոչ առևտրային: Այն փաստաբանները, որոնք ընտրում են իրավապաշտպան գործունեություն՝ մարդկանց իրավունքերը պաշտպանելու որպես քաղաքացիական հասարակության, կարող են ստեղծել հասարակական կազմակերպություն և անդամավճարներով կամ գրանտներով զբաղվել իրավապաշտպան գրոծունեությամբ: Բայց եթե դու գրանցում ես առևտրային կազմակերպություն, ապա պիտի անկեղծ լինես և իրերը կոչես իրենց անունով. այն է՝ փաստաբանական գործունեությունը բիզնես է, քանի որ ըստ սահմանման՝ բիզնեսը գործունեություն է, որը միտված է եկամուտ ստանալուն: ԱՄՆ-ում ազատ արտահայտվում են, որ փաստաբանական գործունեությունը բիզնես է:

 

Ցավոք, հետսովետական տարիներին հատկապես մեր սերնդի մարդիկ ամաչում կամ վախենում էին բիզնես անել արտահայտությունից (սովետական 70 տարիների ընթացքում մեր սովորեցրել էին, որ բիզնեսը վատ է, բիզնեսմենները բուրժուաներ են): Բայց փաստաբանական գործունեությունը միանշանակ բիզնես է: Կարծում եմ՝ սա աքսիոմ է և ապացուցվելու կարիք չունի: Պարզապես այն կլասիկ բիզնեսից տարբերվում է և ունի իր առանձնահատկությունները:

 

Ձեր հաղորդման համար հետաքրքիր անվանում եք ընտրել՝ «Բիզնեսի անատոմիա», ինչը կառուցվածքը, ազդեցությունը, գործողությունը ուսումնասիրելուն է միտված: Բայց կասեի, որ մեր երկրին դեռ պետք է բիզնեսի այբուբենը ուսումնասիրել:

 

Մեր բիզնեսի հիմանական առանձնահատկությունն այն է, որ այն հայտնի չարկչրկված սկզբունքը, որ «հաճախորդը միշտ ճիշտ է», մեր ծառայությունների մատուցման մեջ կամ չի աշխատում, կամ աշխատում է վերապահումով: Բայց ես հասկացել եմ, որ միշտ չէ, որ հաճախորդը կարող է միշտ ճիշտ լինել: Այս դեպքերում մենք սիրում ենք բերել Ստիվ Ջոբսի՝ Apple-ի բիզնեսի օրինակը. Ջոբսը բացի հաճախորդի ցանկությունը հաշվի առնելուց նաև թելադրում էր գեղեցիկ ճաշակ:

 

Մեր դեպքում հաճախորդը միշտ ուզում է հաղթած լինել, դիմում է մեզ, որ հաջություն հասնի: Բայց եթե հաճախորդը սկսում է մեզ թելադրել կամ փորձել տանել այն ուղղություններով, որոնք հակաօրինական են, պարզ է, որ մենք իրեն ասելու ենք՝ դու ճիշտ չես, հարգելի հաճախորդ: Մենք բացատրում ենք, որ կրող ենք այլընտրանքային ճանապարհներով գնալ, բայց դա պիտի լինի միայն օրենքով: Մենք պարտավոր ենք ապահովել կրեատիվ լուծումներ: Մեր գրասենյակում արգելված է նախադասությունը «չէ»-ով սկսվելը, ինչը ենթադրում է, որ պիտի գտնենք հաճախորդին աջակցելու օրինական ճանապարհները, եթե այդպիսիք կան:

 

Մի քանի տարի առաջ վեճ էր գնում, թե ով է լավ փաստաբան. նա, որ ամեն գնով հասնում հաջողության, թե՞ նա ով պիտի ստեղծագործ մոտեցումներով, առանց փաստերը խեղաթյուրելու, առանց կեղծելու հասնի հաջողության: Հին փաստաբաններն օգտագործում էին Մաքիավելիի «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքը, բայց հիմա արդեն մեր երիտասարդ փաստաբանական ընտանիքում բոլորը հասկացել են, որ ճիշտը երկրորդն է: Փաստերը խեղաթյուրելը կամ կեղծելը քրեորեն հետապնդելի արարք է, և եթե հաճախորդը տանում է քեզ այդ ճանապարհով, ինքը չի կարող ճիշտ լինել: Դրա համար փաստաբանի պրոֆեսիոնալ լինելը չափվում է նրա բարեխղճությամբ, պրոֆեսիոնալ աշխատանքով, բայց ոչ տարած հաղթանակների քանակով:

 

Փաստաբանական բիզնեսի մյուս առանձնահատկությունն այն է, որ մեր օրենքն արգելում է հաճախորդին գործի արդյունք խոստանալը: Ուստի երբ հաճախորդը դիմում է, բայց դու տեսնում ես, որ գործը հաղթելու շանսեր չկան, ապա արդարությունն ու բարեխղճությունը պահանջում են, որ անկեղծորեն խորհուրդ տաս, որ չշարունակի:

 

Մեր գրասենյակում մենք հաճախորդին տալիս ենք ուրիշ երաշխիք՝ միջոցի երաշխիքը: Այն է՝ մենք երաշխավորում ենք, որ բարեխիղճ կլինենք, մեր գործը պրոֆեսիոնալ կանենք: Նաև տալիս ենք այն բոլոր գործիքները, որ ինքը կարողանա մեր պրոֆեսիոնալիզմին ու բարեխղճությանը, ինչպես օրինակ դատական ներկայացուցչության դեպքում, եթե տվյալ հաճախորդը դատական նիստին չի մասնակցել, մենք հատկացնում ենք ձայնագրությունները: Եթե կզգա, որ մենք ինչ-որ տեղ թերացել ենք, ապա կարող է վնասի հատուցում պահանջել մեզնից կամ դիմել Փաստաբանների պալատ, որ մենք պրոֆեսիոնալ չենք աշխատել:

 

Ինչպես տեխնիկայի խանութում խորհրդատուն ձեզ ուղղորդում է, թե ինչ տեխնիկա գնեք, բայց կանոնն այն է, որ նա ձեզ չպիտի խաբի: Նույն կերպ մեր բիզնեսում, և սա կլասիկ բիզնեսի ընդհանուր կանոններից է, եթե դու լուրջ ես տրամադրված ու ուզում ես երկարաժամկետ շուկայում քո տեղը ունենա, ապա մարդուն չպիտի խաբես ու կարճաժամկետ փող աշխատելով չպիտի գայթակղվես. մարդուն պիտի ազնվորեն ասես գործի հաղթելու հնարավորությունները:

 

Փաստաբանական գրասենյակ սկսելու համար, ինչպես մյուս բիզնեսներում անհրաժեշտ է ունենալ առաջին հերթին տարածք: Ապա պետք է ունենալ բիզնես պլան: Մեր ոլորտի առանձնահատկություններից է այն, որ պետք է կարողանալ կողմնորոշվել, թե որոլորտներում ես ուզում խորանալ: Արևմտյան երկրներում իրավունքի ոլորտները շատ նեղացված են: Ցավոք, մեր շուկան ներկայումս թույլ չի տալիս միայն մեկ ոլորտում մասնագիտանալ: Բայց գոնե պետք է որոշակի նեղ մասնագիտացում ընտրել: Հնարավոր չի զբացվել թե քրեական ու թե քաղաքացիական (ներառյալ վարչական) գործերով և միաժամանակ լինել պրոֆեսիանալ այդ բոլոր դաշտերում: Բացի մասնագիտական գործունեությունից, փաստաբանական բիզնեսը ենթադրում է նաև կառավարման գործընթաց, վարչական գործիքներ: Ես որպես կառավարիչ գործընկեր՝ ամեն պրոյեկտի վրա կտոր-կտոր եմ աշխատում. մի օր ունենում եմ պրեզենտացիա, մի օր՝ հանդիպում, մի օր՝ պոտենցիալ հաճախորդի ներգրավման գործընթաց, և այլն: Ուստի ես խորհուրդ կտամ այս ամենը գնահատելուց հետո միայն մտնել փաստաբանական բիզնեսի մեջ, որ չստացվելու դեպքում չկոտրվես:

 

Ներկայումս շուկայում մրցակցությունը մեծանում է: Մեր գրասենյակը հիմնականում զարգանում ենք բիզնես իրավաբանության ուղղությամբ, և երիտասարդ փաստաբանները բավականին հաջողությամբ կարողանում են գրասենյակներ ստեղծել: Ցանկացած ոլորտի գործ, այդ թվում Հայաստանում, որտեղ բիզնես-միջավայրը բարենպաստ չի, եթե դու ստեղծես պրոֆեսիոնալ կերպով, հույսդ չդնես հարկեր չվճարելու վրա, գործդ բարեխղճորեն կատարես ու հավատ ունենաս գործի նկատմամբ, հնարավոր չէ, որ հաջողություն չունենաս: Ես վստահ եմ դրանում»:

 

Հարցազրույցը վարեց Սաթեն Միքայելյանը

 

Ձայնագրությունը՝ «Օրենքով փող աշխատելու մասին. Բիզնեսի անատոմիա» @ Լրատվական.am

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21