Արամ Օրբելյան. «Դատական համակարգի գնահատման և արդյունավետ աշխատելու խնդիր կա» (զրույց Իրավաբան.net-ի հետ)

«Ես դատարանների կողմից անհանգստություն եմ տեսնում` ավելի շատ փաստաթուղթ վերցնելու, ավելի մանրամասն քննելու, վկաներ կանչելու և այլն: Դատարաններին ես չեմ մեղադրում: Ասում են, որ եթե անձը դիմել է դատարան, ունի արդար դատաքննության իրավունք և պիտի իրականացնենք այդ իրավունքը»,- ասաց Ա. Օրբելյանը:

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով նախատեսվող անցումը դատական երկաստիճան համակարգի արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան, «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր Արամ Օրբելյանն, ընդհանուր առմամբ, դրական քայլ է համարում:

 

Սակայն Իրավաբան.net-ի հետ զրույցում նա նշում է, որ ներկայումս կարելի է դատական համակարգում որևէ փոփոխություն չանել. «Ոչ թե այն պատճառով, որ այժմ իդեալական լուծումներ ունենք, այլ արժե որոշակի ժամանակ փորձել պրակտիկայում առկա խնդիրները լուծել, որից հետո արդեն քննարկել ինչ-որ բան փոխելու հարցը»:

 

Նրա խոսքով, այսօր կա լուրջ խնդիր` դատական համակարգի գնահատման` դատարանների աշխատանքի արդյունավետ աշխատանքի հետ կապված. «Ակնհայտ է, որ անվերջ երկար դատավարությունը կբերի ամենարդար վճռի, բայց ինքն իր էությամբ արդեն կլինի անարդար, որովհետև դատավարությունն անվերջ երկարել է», – փաստաբանը նշում է, որ նման դեպքերում հնարավոր վնասները կարող են գերազանցել հնարավոր օգուտներին: Օրինակ, առևտրային վեճերի ժամանակ մեկ-երկու տարի տևող դատավարության ընթացքում ֆինանսական շուկայում կատարվող փոփոխությունների պատճառով կարող են երկու կողմն էլ ոչ շահեկան վիճակում հայտնվել` անկախ դատավարության ելքից:

 

Արամ Օրբելյանը խոսում է առաջին ատյանի դատարանների կողմից գործերը պարտադիր կերպով բանավոր ընթացակարգով քննելու պահանջի մասին: Լինում են դեպքեր, երբ քաղաքացիական գործերով և հայցվոր, և պատասխանող կողմերը չեն ներկայանում դատարան` համապատասխան միջնորդություններ ներկայացնելով, իսկ դատավորը ձայնագրառման (արձանագրության) համար նիստերի դատարկ դահլիճում բարձրաձայն կարդում է գործի նյութերը, այնինչ` կարող է ուղղակի գործը քննել գրավոր ընթացակարգով: Փաստաբանի խոսքով, լինում են դեպքեր, երբ ակնհայտ է, որ գործի քննության համար մեկ նիստն էլ բավարար է, սակայն 10-20 նիստով է գործը քննվում, վկաներ են կանչվում, հարցաքննվում, և սա դատարանների ներկայիս գերծանրաբեռնվածության պարագայում: Օրինակ, անձը աշխատանքային վեճի շրջանակներում նախկին գործատուից պահանջում է բռնագանձել 750 մլն դրամ, երբ աշխատանքային պայմանագրով հստակ նշված է, որ նրա ամսական աշխատավարձը 120 հազար դրամ է եղել:

 

«Իհարկե, խոսք չկա վաղ խորհրդային տարիների վիճակի մասին, երբ որոշում էին` գնդակահարել ու գնդակահարում էին: Բայց դատարանների ազատությունը պետք է ընդլայնվի: Ես դատարանների կողմից անհանգստություն եմ տեսնում` ավելի շատ փաստաթուղթ վերցնելու, ավելի մանրամասն քննելու, վկաներ կանչելու և այլն: Դատարաններին ես չեմ մեղադրում: Ասում են, որ եթե անձը դիմել է դատարան, ունի արդար դատաքննության իրավունք և պիտի իրականացնենք այդ իրավունքը»,- ասաց Ա. Օրբելյանը: Նրա խոսքով, այս իրավիճակի լուծում կարող է լինել դատարանների հանդեպ վստահության մակարդակի բարձրացումը և ընդունել, որ «բոլորը խաբեբա չեն»: «Սա չի նշանակում, որ եթե կա անարդար որոշում, ապա պետք է լռենք, բայց նաև սուրբ պարտականությունը չպետք է լինի ամեն գործից հետո քննադատելը: Մեզ մոտ տարածված երևույթ է, երբ կողմը պարտվում է, ապա մեղավորը դատավորն է»:



Օրիգինալ հոդվածը՝ «Դատական համակարգի գնահատման և արդյունավետ աշխատելու խնդիր կա. Արամ Օրբելյան» © Իրավաբան.net


Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21