Արամ Օրբելյան. Քննարկում «Քաղաքացիական հասարակություն-պետական կառույցներ համագործակցություն» խորագրով
30/06/2015
2015թ. հունիսի 30-ին «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ ի.գ.թ. Արամ Օրբելյանը մասնակցեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) նախաձեռնած քննարկմանը՝ «Քաղաքացիական հասարակություն-պետական կառույցներ համագործակցություն» խորագրով:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արեգ Սավգուլյանը, USAID ծրագրային բաժնի տնօրեն Մերվին Էլիսը, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Աշխատանքային հանդիպման նպատակն էր նպաստել քաղաքացիական հասարակության և պետական կառույցների միջև փոխգործակցության ամրապնդմանն ու համագործակցության խորացման համար նոր մեխանիզմների մշակմանը:
Արամ Օրբելյանը ներկայացրեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգի մշակման գործընթացը, քաղաքացիական հասարակության ձևավորման հետ կապված հարցերը, նման գործընթացների դրական ու բացասական կողմերը: Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ընդգծեց այս օրենքի նախագծի մշակման ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ արդյունավետ աշխատանքը՝ որպես քաղաքացիների և իշխանության միջև կապի ապահովման և քաղաքացիական հասարակության՝ որոշումների կայացման գործընթացում ներգրավվածության լավագույն օրինակներից մեկը:
Օրիգինալ հրապարակումը՝ Քննարկում «Քաղաքացիական հասարակություն-պետական կառույցներ համագործակցություն» խորագրով @ ՀՀ Արդարադատության նախարարության վեբկայք