Արամ Օրբելյան. Հայաստանում առցանց խաղատների գովազդի տարածման մասին հարցը կարգավորված չէ
05/12/2015
«Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ շահումով խաղերի գովազդի վերաբերյալ առցանց շահումով խաղերի կարգավորման մասին հստակ դրույթներ չկան»,- Betting Business Russia-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կոնցեռն-Դիալոգ փաստաբանական ընկերության ավագ գործընկեր, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը, որը նոյեմբերի 17-ին մասնակցել է «Արմենիան գեյմինգ ֆորում-2015»-ին:
Առցանց խաղատների և տոտալիզատորների գովազդի հարցը բավականին հակասական է,- նշել է Ա. Օրբելյանը,- Հիմնական խնդիրն առաջանում է էլեկտրոնային տոտալիզատորների և խաղատների դեպքում, քանի որ այս առումով օրենքում որոշակի անհստակություններ ունենք: Այստեղ նշվում է, որ օրենքով (սովորական) խաղատների գործունեության բոլոր կարգավորումները չեն տարածվում առցանց՝ հեռահաղորդակցության որևէ կապի միջոցով շահումով խաղերի կազմակերպման գործունեության վրա: Բայց գովազդի մասին օրենքում նման բան ամրագրված չէ:
Այստեղ ևս կան որոշակի թերություններ: Ավելին՝ եթե հաշվի առնենք համացանցի հնարավորությունները և Հայաստանում այսօր բավական հայտնի արտասահմանյան կայքերի զարգացման մակարդակը, ապա վերահսկողության արդյունավետության կամ դրա բացակայության խնդիր ունենք: Պետական վերահսկողությունն այդ ոլորտում նույնպես այնքան էլ հստակեցված չէ: Անհասկանալի է, թե ո՛վ պետք է կարգավորի առցանց հրատարակությունները և թերթերը՝ ֆինանսների նախարարությո՞ւնը, որը կարգավորում է խաղատները, թե՞ մեկ այլ մարմին, որը կստուգի թերթերի բովանդակային կողմը:
Կայքի հետ զրույցում Արամ Օրբելյանը հավելել է նաև, որ առցանց խաղատների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու նախաձեռնություններ կան: Սակայն այս խնդիրը միայն քննարկվում է, և արդյոք այն ստացել է օրենքի նախագծի կարգավիճակ՝ Օրբելյանը դժվարանում է պատասխանել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Հայաստանում առաջին անգամ կայացավ «Արմենիան գեյմինգ ֆորումը»: Ֆորումն ուղղված էր երկրում խաղատնային բիզնեսի զարգացմանը և նպատակ ուներ նպաստելու պետության համար ոլորտի եկամտաբերությանը և դրա՝ թափանցիկ բիզնեսի կարգավիճակ ստանալուն:
Կարդացեք նաև՝
«Արմենիան գեյմինգ ֆորում». որպեսզի գաղափարը պրոդուկտ դառնա