Մամլո ասուլիս «Փաստաբանական պալատի կառավարման խնդիրները և լուծման հնարավոր ուղիները թեմայով
28/03/2017
Մարտի 15-ին «Սպուտնիկ Արմենիա» մամլու ակումբում կայացավ մամլո ասուլիս, որի բանախոսներն էին «Կոնցեռն Դիալոգ» ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը, «Հաշտարար» ինստիտուտի համահիմնադիր Հայկ Հովհաննիսյանը և փաստաբան Թաթուլ Խուդաթյանը։
Ասուլիսը հրավիրվել էր վերջին շրջանում ՀՀ Փաստաբանական պալատի շուրջ ծավալվող անհիմն աղմուկի վերաբերյալ հեղինակավոր փաստաբանների կարծիքները և պարզաբանումները լսելու նպատակով։ Ասուլիսի բոլոր բանախոսները համակարծիք էին, որ փաստաբանական համայնքի համատեղ ուժերի և ջանքերի միջոցով Փաստաբանական պալատը պետք է լինի ուժեղ, կուռ և համերաշխ կառույց, և նրա շուրջ տարածվող հերյուրանքներն անթույլատրելի են։ «Կոնցեռն Դիալոգ» ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը մասնավորապես նշեց. « Մեր Փաստաբանական պալատը տարածաշրջանի ամենակայացած և ամենաանկախ պալատն է։ Իհարկե խնդիրներ կարող են լինել, բայց կոչ եմ անում այդ խնդիրները լուծել միաբանված, և պետք չէ լուտանքներ թափել ու խժդժություններ ստեղծել։ Տատիկիս խոսքն եմ ուզում հիշել, որը լավը չտեսնողների համար կասեր՝ ցորեն հացին կոտոշ կա»։ Սեդրակ Ասատրյանը նշեց, որ Փաստաբանական պալատում ոչ մի արտառոց բան չի կատարվում, նորմալ աշխատանքային ընթացք է։ Լրագրողի հարցին, թե հնարավոր չէ՞ր լինի արդյոք կառույցը տրոհել՝ստեղծելով նոր միավորներ, պարոն Ասատրյանը պատասխանեց, որ ժամանակին Հայաստանում երեք փաստաբանական միություններ կային, և երեքի միջև բավականին տարաձայնություններ ու խնդիրներ կային, որովհետև մոտեցումներն էին տարբեր։ Հետևաբար, նոր պալատ ստեղծելը ես համարել եմ անլուրջ, քանի որ այդ գաղափարը առաջարկողների որևէ լուրջ հիմնավորում չի առաջարկվել»,եզրափակեց Սեդրակ Ասատրյանը:
Դիտեք ասուլիսը հետևյալ հղումով՝
https://armeniasputnik.am/press_video/20170315/6703950/asulis-pastaban.html