Առկա համաճարակի և արտակարգ դրության ազդեցությունը պայմանագրային հարաբերությունների վրա

2020թ․ մարտի 16֊ից ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն (https://www.e-gov.am/gov-decrees/item/33564/): Այս որոշումը հանգեցրեց, մասնավորապես, անձանց տեղաշարժի և ազատ տնտեսական գործունեության իրավունքների սահմանափակումների:

Արտակարգ դրության ժամանակ կիրառվող սահմանափակումները և միջոցառումները առաջ քաշեցին իրավական տարաբնույթ հարցեր, հատկապես, պայմանագրային հարաբերությունների վրա ազդեցությունը պետք է արդյո՞ք և ինչ չափանիշներով գնահատել որպես անհաղթահարելի ուժ, որո՞նք են հնարավոր իրավական հետևանքները:

Ըստ գործող օրենսդրության և դատական պրակտիկայի, անհաղթահարելի ուժը (ֆորս֊մաժորը) բնութագրվում է որպես մի հանգամանք, որը

  • իր բնույթով արտակարգ է հասարակական հարաբերություններում, և
  • տվյալ պայմաններում անկանխելի է եղել իրավահարաբերության մասնակիցների համար, ինչպես նաև
  • ուղղակիորեն հանգեցրել է պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարմանը (պատճառահետևանքային կապ):

Անհաղթահարելի ուժ համարվող հանգամանքները օրենքում չեն սահմանվում, թույլ տալով պայմանագրով կողմերին ազատ որոշել այն իրադարձությունները, որոնք կլինեն անհաղթահարելի ուժ իրենց միջև կնքվող պայմանագրի իմաստով: Նշված հանգամանքները կարող են սահմանվելով պայմանագրում որպես անհաղթահարելի ուժ, եթե բնութագրվում են որպես արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի:

Այդուհանդերձ, անհաղթահարելի ուժ համարվող հանգամանք չեն և պայմանագրով այդպիսին չեն կարող մատնանշվել․

  • պարտականությունների խախտումը պարտապանի կոնտրագենտների կողմից,
  • շուկայում անհրաժեշտ ապրանքների բացակայություն կամ
  • պարտապանի մոտ անհրաժեշտ դրամական միջոցների բացակայությունը:

Համաձայն գործող ընդհանուր կանոնի, պարտավորության չկատարման պատասխանատվությունը վրա է հասնում, եթե առկա է պարտավորությունը խախտած կողմի մեղքը, բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության իրականացնող անձանց համար: Այսպիսով, եթե ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող պայմանագրի կողմը չի կատարում պայմանագրով պարտավորությունը, նշանակություն չունի նա դա անում է իր կամքից կախված (մեղքով) թե ոչ (առանց մեղքի):

Սակայն եթե ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողը կարողանա ապացուցել, որ պարտավորությունը չի կարողացել կատարել, քանի որ դա անհնար է եղել անհաղթահարելի ուժի՝ տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով, տվյալ անձը կկարողանա ազատվել պատասխանատվությունից:

Առանձնահատուկ պետք է ուշադրություն դարձնել, որ անհաղթահարելի ուժը, առկա կարգավորումների համաձայն, ոչ թե ազատում է պարտավորության կատարում, այլև ազատում է պարտավորության չկատարման հետևանքով առաջացող պատասխանատվությունից: Օրինակ, վարձակալության պայմանագրով վարձավճարի պարտավորության կատարումից վարձակալը չի կարող ազատվել միայն այն պատճառով, որ իր աշխատողները չեն հաճախել աշխատավայր, քանի որ (ա) տարածքը տիրապետման և օգտագործման տրամադրման պարտականությունը վարձատուն շարունակել է կատարել, (բ) փաստացի տարածքը տիրապետել և օգտագործել է վարձակալը, քանի որ առնվազն վարձակալի իրերը շարունակել են զբաղեցնել տարածքը և (գ) վարձակալի մոտ դրամական միջոցների բացակայություն չի ազատում նրան վարձավճարի վճարման պարտավորությունից:

Կարևոր է ուշադրություն դարձնել, որ Հայաստանում դատական գործերով արտահատվել է այն մոտեցում, որ ի հայտ եկած հանգամանքի արտակարգ և անկանխելի լինելը յուրաքանչյուր դեպքում պետք է դիտարկել ու գնահատել կոնկրետ պարտավորության բնույթի և դրա կատարման պայմանների շրջանակներում:

Սա նշանակում է, որ մեկ միասնական դեղատոմս լինել չի կարող: Յուրաքանչյուր պայմանագիր և յուրաքանչյուր պայմանագրով ստանձնած առանձին պարտավորություն պետք է գնահատվի ըստ արտակարգ դրության յուրաքանչյուր հանգամանքի, օրինակ, համավարակով պայմանավորված սահմանափակումների, կատարման պայմանների ու հետևանքների լույսի ներքո:

Ինչպես և հիվանդությունների դեպքում, այս դեպքում նույնպես խորհուրդ է տրվում դիմել համապատասխան մասնագետին՝ խորհրդատվություն ստանալու համար:

Այնուամենայնիվ, ստորև առանձնացված հարցերը կարող են որպես ուղեցույց ծառայել, հասկանալու համար արդյո՞ք Ձեր դեպքում հնարավոր է պատասխանատվությունից կամ պարտավորությունից ազատում, թե ոչ:

  1. Ո՞ր պետության օրենսդրությունն է կիրառելի Ձեր պարտավորության նկատմամբ։

Սա կարող է ուղղակիորեն նախատեսված լինել պայմանագրով կամ պայմանագրով կարգավորման բացակայության դեպքում կարգավորվել օրենքով (կոլիզիոն նորմեր): Սա թույլ կտա պարզել արդյո՞ք Հայաստանյան օրենքը պետք է կիրառվի, թե այլ երկրի իրավաբանի կարիք ունեք:

  1. Ձեր ո՞ր պարտավորության չկատարման հետևանքներն եք դիտարկում:

Եթե առկա է կնքված պայմանագիր, որի ուժով առկա են մի շարք պարտավորություններ, ապա, հնարավոր է, օրինակ, արտակարգ դրության հայտարարման որոշումը անհնարին է դարձնում Ձեր պարտավորություններից ոչ բոլորի կատարումը, ուստի մյուսների չկատարման դեպքում Դուք չեք կարողանա վկայակոչել արտակարգ դրությունը՝ որպես անհաղթահարելի ուժ։

  1. Պայմանագրում սահմանվա՞ծ են անհաղթահարելի ուժ համարվող հանգամանքները։

Այս մասով անհրաժեշտ է դիտարկել վերևում քննարկված կարգավորումները:  Ինչպես նաև պետք է հաշվի առնել, թե ինչպես է ձևակերպված «անհաղթահարելի ուժը» պայմանագրում, մասնավորապես՝ արդյոք պայմանագրով տրված է ավարտուն ցանկ, թե ձևակերպումը թույլ է տալիս նաև անհաղթահարելի ուժ դիտարկել ցանկացած այլ հանգամանք, որը համապատասխանում է վերևում տրված դրա հատկանիշներին: Օրինակ, եթե պայմանագրում սահմանվել է, որ «անհաղթահարելի ուժ են համարվում երկրաշարժը և ջրհեղեղը», դատարանները, կիրառելով պայմանագրի մեկնաբանման օրենսդրական կանոնները, որևէ այլ հանգամանք չեն դիտարկելու անհաղթահարելի ուժ, քանի որ կողմերը, օգտվելով սահմանված իրենց ազատությունից, փոխել են օրենսդրական կանխավարկածը և սահմանել «այլ բան»:

  1. Բացի «անհաղթահարելի ուժը» ձևակերպելուց, սահմանված է՞ արդյոք դրա վերաբերյալ ծանուցման կարգ:

Պայմանագրերում հաճախ սահմանվում են պարտավորությունների չկատարման վերաբերյալ ծանուցման կարգ, որը հավելյալ պահանջ է պարտավորության չկատարման կամ պատշաճ չկատարման համար պատասխանատվությունից ազատվելու համար և որի պահպանումը նույնպես քննարկման առարկա է լինելու դատարանում հնարավոր վեճի դեպքում: Առկա՞ է արդյոք ծանուցման կարգ, ծանուցման որոշված բովանդակություն, ծանուցման ժամկետներ, արդյոք Դուք կարող եք պատասխանել Ձեզ ուղղված ծանուցմանը և չհամաձայնել, օրինակ Ձեր պարտապանի վկայակոչած հանգամանքների՝ ֆորս֊մաժոր լինելու հետ: Բոլոր այս հարցերի դիտարկումը կարող է նշանակություն ունենալ հնարավոր իրավական վեճում:

Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակ

Ծանոթագրություն․ Ներկայացվող տեղեկատվությունը չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն:

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21