Կայացել է Միջազգային ապրանքային նշանների ասոցիացիայի (INTA) 2025-ի Առաջնորդների հանդիպումը. Կոնցեռն Դիալոգն ընդլայնում է ծառայությունները Մտավոր սեփականության ոլորտում
16/12/2025
18–21 նոյեմբեր 2025 թ. | Հոլիվուդ, Ֆլորիդա
Կայացել է Միջազգային ապրանքային նշանների ասոցիացիայի (International Trademark Association – INTA) Leadership Meeting 2025 միջոցառումը, որը համախմբում է հանձնաժողովների անդամներին և մտավոր սեփականության ոլորտի փորձառու մասնագետներին՝ ռազմավարական և գործնական քննարկումների համար: Հանդիպումը INTA-ի ամենակարևոր մասնագիտական հարթակներից մեկն է և հնարավորություն է տալիս ուղղակի մասնակցություն ունենալ գլոբալ IP քաղաքականության, իրավական ապահովման մեխանիզմների և լավագույն պրակտիկայի ձևավորմանը:
Կոնցեռն Դիալոգի մտավոր սեփականության պրակտիկայի ղեկավար Սարգիս Կնյազյանը և ղեկավարի տեղակալ Եվգենյա Նիկողոսյանը ներկա են եղել հանդիպմանը՝ որպես INTA հանձնաժողովների անդամներ։ Օրակարգում ընդգրկված էին ոլորտի ռազմավարական և գործնական հարցեր, այդ թվում՝
- ապրանքային նշանների պաշտպանության և իրավական ապահովման մեխանիզմների արդի մոտեցումները,
- բրենդների պաշտպանությունը թվային միջավայրում,
- արհեստական բանականության և նոր տեխնոլոգիաների ազդեցությունը IP իրավունքի վրա,
- հանձնաժողովների դերը միջազգային լավագույն պրակտիկաների ձևավորման գործընթացում:
Հիշեցնենք, որ Սարգիսն անդամակցում է Զուգահեռ ներմուծումների, իսկ Եվգենյան՝ Աշխարհագրական նշանների հանձնաժողովներին: Նրանց մասնակցությունը փաստում է, որ Կոնցեռն Դիալոգը շարունակաբար զարգացնում և ընդլայնում է իր մտավոր սեփականության ծառայությունները, ինչն ուժեղացել է նաև «Կնյազյան ընդ Փարթներս» իրավաբանական ընկերության հետ միավորումից հետո, հնարավորություն ստեղծելով համատեղել միջազգային փորձն ու ոլորտային մասնագիտական կարողությունները՝ արդյունավետ աջակցություն տրամադրելու հայաստանյան և միջազգային հաճախորդներին։
INTA Leadership Meeting 2025-ին մասնակցությունը ոչ միայն ամրապնդում է Կոնցեռն Դիալոգի համաշխարհային տեսանելիությունը, այլև ապահովում է շարունակական ներգրավվածություն գլոբալ IP զարգացումներում, նորարարական մոտեցումների ինտեգրում և ոլորտի լավագույն պրակտիկայի կիրառություն:
Նշում:
INTA-ն ՄՍ ոլորտի պրոֆեսիոնալների և բրենդերի իրավատերերի համաշխարհային ասոցիացիա է, որին անդամակցում են 6,700 կազմակերպություններ աշխարհի 185 երկրներից: INTA-ն ներկայացնում է մոտ 38,000 ՄՍ ոլորտի մասնագետներ և ապրանքային նշանների իրավատերեր, այդ թվում՝ պետական մարմիններ, դասախոսներ և ուսանողներ տարբեր երկրներից:
Ի լրումն բազմաթիվ միջոցառումների, INTA-ի տարեկան ժողովը համարվում է ՄՍ ոլորտի ներկայացուցիչների և բրենդերի իրավատերերի ամենամեծ միջազգային միջոցառումը:
Կոնցեռն Դիալոգը INTA-ին անդամակցում է 2024 թվականից։