Մասնագիտական համայնքի ուժեղացում՝ գործնական երկխոսության միջոցով. Կոնցեռն Դիալոգի էքսպո-օրագիրը
30/04/2026
2026 թվականի ապրիլի 25-ին և 26-ին Երևանում կայացած Փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսը դարձավ իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հանդիպման, փորձի փոխանակման և մասնագիտական քննարկումների կարևոր հարթակ:
«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակը, հավատարիմ իր կորպորատիվ արժեքներին, ակտիվորեն ներգրավված էր այս գործընթացում։ Մենք համոզված ենք, որ նմանատիպ միջոցառումներին մասնակցությունը ոչ միայն սեփական փորձի ներկայացում է, այլև մասնագիտական համայնքի զարգացման ու ուժեղացման հզոր խթան։ Շփումը գործընկերների միջև և գիտելիքի բաց փոխանակումը բարձրացնում են մասնագիտական ընդհանուր նշաձողը՝ նպաստելով Հայաստանում ավելի որակյալ և կանխատեսելի իրավական միջավայրի ձևավորմանը։
Միջազգային կամուրջներ և պաշտոնական մեկնարկ
Միջոցառման առաջին օրը նշանավորվեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի և Փաստաբանական ակադեմիայի ռեկտորի շրջայցով։ Կոնցեռն Դիալոգի տաղավարում հյուրերը ծանոթացան գրասենյակի վերջին ձեռքբերումներին և քննարկեցին ոլորտի զարգացման հեռանկարները։
Օրվա առանցքային իրադարձություններից էր համագործակցության հուշագրերի ստորագրումը ՀՀ փաստաբանների պալատի, Վրաստանի փաստաբանների միության և Ֆրանսիայի (Վալանս) փաստաբանների միության միջև։ Սա նոր էջ է բացում հայ փաստաբանների համար՝ ընդլայնելով միջազգային գործընկերության սահմանները և հասանելի դարձնելով եվրոպական ու տարածաշրջանային լավագույն փորձը:
Փորձագիտական պանելներ և գործնական աշխատաժողովներ
Ցուցահանդեսի երկրորդ օրը կենտրոնացված էր մասնագիտական բովանդակության վրա։ Պանելային քննարկումների և աշխատաժողովների ընթացքում մեր գործընկերները հանդես եկան զեկույցներով, որոնք թիրախավորում էին բիզնեսի համար կենսական նշանակություն ունեցող թեմաներ.
-
Արամ Օրբելյան (կառավարիչ գործընկեր) և Սերգեյ Մարաբյան (գործընկեր). Ներկայացրին քրեադատավարական քաղաքականության ազդեցությունը գործարար միջավայրի վրա։ Բանախոսները վերլուծեցին բիզնեսի անվտանգության իրավական երաշխիքները և այն մարտահրավերները, որոնց բախվում են տնտեսվարողները դատաիրավական բարեփոխումների համատեքստում։
-
Լիլիթ Կարապետյան (գործընկեր). Անդրադարձավ գործարարության իրավաբանական սպասարկման արդյունավետությանը։ Զեկույցում ընդգծվեցին այն մրցակցային առավելությունները, որոնք ստանում է ընկերությունը պրոֆեսիոնալ և համալիր իրավաբանական ուղեկցման պարագայում:
Սերնդափոխություն և հանրային իրազեկում
Այս տարվա էքսպոն աչքը ընկավ ապագա իրավաբանների՝ ուսանողների ակտիվությամբ: Կոնցեռն Դիալոգի թիմը մեծ պատրաստակամությամբ հյուրընկալեց երիտասարդներին՝ ուղղորդելով նրանց մասնագիտական կայացման հարցում և ներկայացնելով փաստաբանական գործունեության նրբությունները։
Բացի մասնագիտական շփումներից, էքսպոյի ընթացքում մեր փաստաբանները տրամադրեցին անվճար իրավաբանական խորհրդատվություն բազմաթիվ քաղաքացիների։ Սա մեր գրասենյակի սոցիալական պատասխանատվության մի մասն է՝ ուղղված հանրային իրավագիտակցության բարձրացմանը և Հայաստանում իրավական մշակույթի արմատավորմանը։
Մենք հավատում ենք, որ գործնական երկխոսությունն ու գիտելիքի փոխանակումը մասնագիտական համայնքի հզորացման և ոլորտի զարգացման արդյունավետ ուղիներից են։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր գործընկերներին, կազմակերպիչներին և այցելուներին՝ երկօրյա արդյունավետ և բովանդակալից միջավայր ստեղծելու համար: