Ինչպե՞ս են կարգավորվում բիզնես գործընթացները Հայաստանում. Կոնցեռն Դիալոգի նոր հրապարակումը Chambers Global Practice Guides-ի Doing Business In... 2026 ուղեցույցում
12/08/2026
Միջազգային հեղինակավոր Chambers and Partners հրատարակչությունը հրապարակել է իր ամենամյա «Global Practice Guides: Doing Business In... 2026» ծավալուն ուղեցույցը։ Հայաստանի բիզնես միջավայրին, օրենսդրական դաշտին և պրակտիկային նվիրված «Armenia: Law and Practice» բաժինը հեղինակել է Կոնցեռն Դիալոգի թիմը։
Ուղեցույցի հեղինակներն են Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը, ավագ գործընկերներ Նարինե Բեգլարյանը և Արթուր Հովհաննիսյանը, գործընկեր Լիլիթ Կարապետյանը, խորհրդատու գործընկեր Սարգիս Կնյազյանը և ավագ իրավաբան Շուշանիկ Ստեփանյանը։
Ի՞նչ է առաջարկում «Doing Business In... 2026» ուղեցույցը
Այս հրապարակումը համապարփակ և գործնական ուղեցույց է օտարերկրյա ներդրողների, միջազգային ընկերությունների, գործարարների և իրավաբանների համար, ովքեր ցանկանում են հասկանալ Հայաստանում բիզնես հիմնադրելու, վարելու և ընդլայնելու իրավական առանձնահատկությունները։
Ուղեցույցում մանրամասն վերլուծված են 2026 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրության առանցքային ոլորտները, մասնավորապես․
-
Իրավական համակարգը և դատարանների կառուցվածքը․ Հայաստանի դատական համակարգի գործառույթները, մասնագիտացված դատարանների դերը (Վարչական, Սնանկության, Հակակոռուպցիոն) և դատական ատյանները։
-
Օտարերկրյա ներդրումների կարգավորումները․ Ներդրումային միջավայրի առանձնահատկությունները, պետական արտոնություններն ու խրախուսման մեխանիզմները։
-
Կորպորատիվ իրավունք․ Ընկերությունների հիմնադրման և գրանցման գործընթացները (ՍՊԸ, ԲԲԸ/ՓԲԸ), կառավարման մարմինների լիազորությունները, ղեկավարների և բաժնետերերի պատասխանատվությունը, ինչպես նաև Իրական շահառուների (UBO) հայտարարագրման պահանջները։
-
Աշխատանքային իրավունք․ Աշխատանքային պայմանագրերի տեսակները, աշխատաժամանակի ու հանգստի կարգավորումները, պայմանագրերի լուծման հիմքերն ու ծանուցման կարգը։
-
Հարկային համակարգ․ Հարկման ընդհանուր և հատուկ համակարգերը (շահութահարկ, ԱԱՀ, շրջանառության հարկ, միկրոձեռնարկատիրություն), տրանսֆերային գնագոյացման կանոններն ու հարկային արտոնությունները։
-
Մրցակցային իրավունք․ Համակենտրոնացումների (M&A) հայտարարագրման շեմերը և ընթացակարգերը, գերիշխող դիրքի չարաշահման արգելքն ու հակամրցակցային համաձայնությունները։
-
Մտավոր սեփականություն․ Արտոնագրերի, ապրանքային նշանների, արդյունաբերական նմուշների, հեղինակային իրավունքի և առևտրային գաղտնիքի պաշտպանության իրավական մեխանիզմները։
-
Անձնական տվյալների պաշտպանություն․ Տվյալների մշակման իրավական սկզբունքները, տվյալների սուբյեկտների իրավունքներն ու Անձնական տվյալների պաշտպանության գործակալության լիազորությունները։
-
Օրենսդրական սպասվող բարեփոխումներ․ Անդրադարձ «Ներդրումների մասին» նոր օրենքի նախագծին, Կիբերանվտանգության օրենսդրական կարգավորումներին, Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի փոփոխություններին (փոքրամասնական բաժնետերերի պաշտպանություն) և սպառողների իրավունքների պաշտպանության նոր ստանդարտներին։
Chambers and Partners-ի կողմից հրապարակվող «Global Practice Guides» շարքը համաշխարհային ճանաչում ունեցող աղբյուր է, որն առաջարկում է առաջատար իրավաբանական ընկերությունների փորձագիտական վերլուծությունները աշխարհի տարբեր իրավազորությունների վերաբերյալ։
Հայաստանին վերաբերող ուղեցույցը՝ այստեղ
«Doing Business In... 2025»-ն ամբողջությամբ՝ այստեղ