Մասնագիտական աճի բանաձևը` Էներգիա, ազնվություն, նպատակասլացություն. Լիլիթ Կարապետյան
26/08/2026
Մուտք․ ճանապարհի սկիզբը
-Կոնցեռն Դիալոգում կրտսեր իրավաբանից մինչև գործընկեր անցած ուղին տպավորիչ է։ Հետադարձ հայացք գցելով՝ ո՞րն էր այն «շրջադարձային պահը», երբ զգացիք, որ ընկերության մշակույթի կրողն եք նաև։
-Կարծում եմ՝ մեկ առանձին շրջադարձային պահ չի եղել։ Ես նման պահերը սովորաբար գտնում եմ առօրյա, առաջին հայացքից ոչ շրջադարձային իրադարձությունների մեջ։ Բազմաթիվ դեպքեր են եղել, որոնց այսօր հետ նայելով՝ կարող եմ վստահ ասել, որ դրանք ևս մեկ անգամ ապացուցել են՝ շուրջ տասը տարի Կոնցեռն Դիալոգում աշխատելը ճիշտ որոշում էր։
Ամենահիշարժան դրվագներից մեկը երևի իմ առաջին աշխատանքային հանդիպումն էր։ Երբ ներկաներից մեկն ինձ ներկայացրեց որպես Արամ Օրբելյանի օգնական, պարոն Օրբելյանն անմիջապես ուղղեց՝ կրտսեր իրավաբան, ոչ թե օգնական։ Հաճախ եմ հիշում այդ դրվագը, քանի որ այն Կոնցեռն Դիալոգում առկա առողջ հիերարխիայի և գործընկերային մշակույթի ամենապարզ դրսևորումներից մեկն է։
- Ո՞ր երեք բառերով կնկարագրեք մասնագիտական աճի Ձեր բանաձևը Կոնցեռն Դիալոգում։
-Էներգիա, ազնվություն, նպատակասլացություն։
Հիշում եմ՝ աշխատանքի ընդունվելու հարցազրույցիս պարոն Ասատրյանը հարցրեց՝ որտեղ ես տեսնում քեզ հինգ տարի անց: Առանց վարանելու պատասխանեցի՝ Կոնցեռն Դիալոգում գործընկեր: Դիալոգի մշակույթը և իմ նպատակասլացությունը օգնեցին, որ այս նպատակը դառնա իրականություն:
Մասնագիտական հիմք
-Որպես գործընկեր՝ ո՞րն է այն ամենաբարդ որոշումը, որ ստիպված եք եղել կայացնել, և ի՞նչ դասեր եք քաղել դրանից։
- Բարդը ոչ թե իրավական խնդիրներն են, այլ ահռելի պատասխանատվություն վերցնելը ոչ ստանդարտ, ռիսկային, բայց արդար լուծումների համար։ Բիզնեսի խորհրդատու իրավաբանը չպետք է լինի այն մարդը, ով բիզնեսին միայն «չի կարելի» է ասում, այլ նա, ով օգնում է գտնել առաջ շարժվելու իրավական առումով ճիշտ ուղին:
-Որպես գործընկեր՝ Դուք հաճախ եք «մարում» կրքերը։ Իսկ եղե՞լ է, որ ինքներդ «հրդեհ» վառեք գործընթացում, որովհետև համաձայն չեք եղել որևէ մոտեցման հետ։
- Ինքս ինձ հետ ամենօրյա աշխատանքում ամենաբարդ խնդիրներից մեկը լարված իրավիճակներում սառը դատողություն պահպանելն է։ Լինում են պահեր, երբ առաջին մղումս «հրդեհ» վառելն է, վիճել՝ գործի դնելով զգացմունքներիս ամբողջ զինանոցը։ Բայց ես միշտ երկու հիմնական կողմնորոշիչ ունեմ՝ վստահորդի շահը և օրենքի տառը։ Իհարկե, դեռ սովորում եմ, բայց հուսով եմ՝ գնալով ավելի լավ է ստացվում նախ շունչ քաշել, ապա հստակ ձևակերպել ու կառուցել փաստարկներս։
Իհարկե, երբեմն կրքերը «մարելու» փոխարեն ինքս եմ թեժացնում քննարկումը։ Բայց նպատակը երբեք հրդեհը չէ։ Նպատակն անհարմար հարցերից չխուսափելն ու ի վերջո առավել հիմնավորված որոշման հանգելն է։
-Ի՞նչն է, ըստ Ձեզ, ամենակարևորը բիզնեսի իրավախորհրդատուի աշխատանքում։
- Առաջինը բիզնեսը հասկանալն է։ Բիզնեսի իրավական կողմերը ճիշտ գնահատելու համար պետք է հասկանալ դրա էությունը, տրամաբանությունը և դրա հետևում կանգնած մարդկանց մտածելակերպը։ Հայրս ամենախելացի գործարարն է, ում ճանաչում եմ, և նա հսկայական ազդեցություն է ունեցել իմ՝ բիզնեսը հասկանալու կարողության ու մտածողության ձևավորման վրա։
Երկրորդ կարևոր սկզբունքը սովորել եմ դեռ Էքսեթերում ուսանելիս՝ օրենքը պետք է ոչ միայն կարդալ, այլև քննադատաբար վերլուծել ու հասկանալ։ Սա, իհարկե, կարևոր է իրավունքի բոլոր ոլորտներում, բայց բիզնես իրավունքում՝ հատկապես։ Այդ մոտեցումն օգնում է օրենքը դիտարկել ոչ թե որպես սահմանափակումների ամբողջություն, այլ որպես գործիք, որը ճիշտ կիրառելու դեպքում կարող է հնարավորություններ ստեղծել բիզնեսի համար։
Մտածողություն
-Դուք նկարում եք։ Իրավաբանությունը շատ կառուցվածքային է, իսկ նկարչությունը՝ ազատ։ Օգնո՞ւմ են այդ «ազատությունները» աշխատանքում ոչ ստանդարտ լուծումներ գտնելու համար։
-Անշուշտ դա է պատճառներից մեկը, որ այդքան սիրում եմ նկարել։ Նկարչությունը թույլ է տալիս դուրս գալ սահմաններից, խախտել կանոնները և չվախենալ սխալվելուց։ Նկարչությունն ինձ համար այն ազատ տարածքն է, որտեղ կարող եմ մարզել ստեղծագործ միտքս։ Կարծում եմ՝ դրա շնորհիվ մասնագիտական աշխատանքում ևս ավելի բաց եմ ոչ ստանդարտ, բայց միևնույն ժամանակ իրավական առումով հիմնավոր լուծումներ գտնելու համար։
-Եթե հինգ տարեկան երեխային պետք է բացատրեք, թե ինչու են գործարար մարդկանց միջև անհրաժեշտ «խաղի կանոններ», ինչպե՞ս դա կանեք։
- Երևի կառաջարկեի միասին որևէ խաղ խաղալ, իսկ հետո խաղի կեսին հանկարծ կփոխեի կանոնները՝ իմ օգտին։ Երբ նա, բնականաբար, կբողոքեր, կբացատրեի, որ գործարար մարդկանց միջև «խաղի կանոնները» պետք են հենց դրա համար․ որպեսզի բոլորը նախապես իմանան՝ ինչ կարելի է անել, ինչ՝ ոչ, և վստահ լինեն, որ խաղի ընթացքում որևէ մեկը կանոններն իր օգտին չի փոխի։
Անձնական շերտ
-Լիլիթը Լիլիթ չէ, եթե չկարողանա օրվա մեջ գոնե մի քիչ ժամանակ հատկացնել...
-Ծիծաղելուն և լավ գրքերին։ Իսկ հումորն իմ «գաղտնի զենքն» է․ այն օգնում է նույնիսկ ամենալարված բանակցությունների ժամանակ, լիցքաթափում է թիմին և հիշեցնում, որ բարդ իրավիճակներին կարելի է մոտենալ՝ չկորցնելով թեթևությունն ու լավատեսությունը։
-Ո՞րն է Ձեր այն հետաքրքրությունը, որի մասին գործընկերները գուցե չգիտեն, բայց որը օգնում է «վերալիցքավորվել»։
- Նույն գիրքը գրեթե անընդհատ վերընթերցելը։ Խոսքը Ֆրեդրիկ Բաքմանի «Անհանգիստ մարդիկ» վեպի մասին է։ Այն մի քանի անգամ կարդացել եմ տպագիր տարբերակով, իսկ աուդիոգիրքը մինչ օրս հաճախ միացնում եմ մեքենայում։ Ավելորդ է անգամ նշել, որ սա իմ ամենասիրելի գիրքն է։ Այն հիշեցնում է, որ բոլորս էլ ինչ-որ չափով անհանգիստ ու խոցելի ենք, և որ միշտ արժե փորձել հասկանալ, թե ինչ ճանապարհ է անցել դիմացինը և ինչից են բխում նրա արարքները։
Բաքմանը գրում է․ «Ինչպե՞ս են փիղ ուտում։ Պատասխանը պարզ է՝ պատառ առ պատառ»։ Սա է նաև մեծ խնդիրներին իմ մոտեցումը:
-Եթե հնարավորություն ունենայիք հանդիպելու կրտսեր իրավաբան Լիլիթին, ի՞նչ խորհուրդ կտայիք նրան։
- Կասեի․ «Լիլի՛թ ջան, մի քիչ թուլացրու լարվածությունդ, խորը շունչ քաշիր ու հանգիստ վայելիր ընթացքը /ժպտում է/։
-Ասում են՝ հաջողությունը իրավաբանության մեջ հաճախ նշանակում է զոհաբերել անձնական «ես»-ը։ Կա՞ նման բան։
Ոչ մի զոհաբերություն: Հակառակը՝ երկարաժամկետ հաջողության համար կարևոր է չկորցնել այն, ինչ քեզ դարձնում է հենց դու՝ հետաքրքրությունները, արժեքները, հումորի զգացումը և աշխարհին նայելու սեփական ձևը։ Ինձ համար հաջողությունն այն չէ, որ մասնագիտությունը փոխարինի կյանքին, այլ այն, որ կարողանաս մասնագիտական ճանապարհն անցնել՝ ինքդ քեզ չկորցնելով։
Կոնցեռն Դիալոգ
-Ո՞րն է Կոնցեռն Դիալոգի հաջողության գրավականը:
- Մարդիկ և մշակույթը:
-Կոնցեռն Դիալոգի կորպորատիվ արժեքներից ո՞րը կառանձնացնեիք։
-Ազնվությունը։ Իմ խորին համոզմամբ՝ հենց ազնվությունն է այն ամուր հիմքը, որի վրա կառուցվում է անխաթար վստահությունը թե՛ թիմի ներսում, թե՛ հաճախորդների հետ հարաբերություններում։ Առանց ազնվության անհնար է ստեղծել իրական, երկարաժամկետ արժեք։
-Կոնցեռն Դիալոգը Կոնցեռն Դիալոգ չի լինի, եթե...
- Կորցնի իր ռազմավարական տեսլականը, ճկունությունը, նորարարության ձգտումն ու, ամենակարևորը, այն ջերմ թիմային ու պոզիտիվ մթնոլորտը, որը մեզ մղում է դեպի նոր բարձունքներ։
Վերջաբանի փոխարեն
-Եթե մի օր Կոնցեռն Դիալոգի մասին գիրք գրվի, ի՞նչ վերնագիր կտաք դրան։
- «Նշաձող սահմանողները. Կոնցեռն Դիալոգի պատմությունը»։
-Եթե այդ գրքում Ձեր մասին մեկ նախադասությամբ գրեին՝ որպես մասնագետ և որպես մարդ, ի՞նչ կուզենաք, որ այդ տողը փոխանցեր։
-«Նա չէր խուսափում անհարմար հարցերից, համառորեն փնտրում էր ճիշտ պատասխանները և ճանապարհին միշտ փորձում էր թիմին ուժ տալ ու աշխատանքային օրը մի փոքր ավելի թեթև դարձնել»։