Իրավունքի և ստեղծարարության հատման կետում․ Կոնցեռն Դիալոգի Մտավոր սեփականության իրավունքի պրակտիկայի ղեկավար Եվգենյա Նիկողոսյան

Ճանապարհը

Ձեր անցած ուղին հետաքրքիր համադրություն է․ պրոֆեսիոնալ դաշնակահարուհի, գիտնական, փաստաբան․․․

-Դա ավելի շատ բնական ընթացք էր, քան կտրուկ շրջադարձ։ Երաժշտությունն իմ կյանքում կարևոր տեղ է ունեցել․ այն ինձ տվել է որակներ, որոնք պիտանի եղան նաև իրավաբանության մեջ՝ կարգապահություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն, համբերություն և վերլուծելու ու լսելու կարողություն։

Երաժշտության մեջ մեկ սխալ նոտան փոխում է ամբողջ հատվածի հնչողությունը։ Իրավունքում էլ մեկ ձևակերպումը կամ բառը կարող է փոխել պայմանագրի իմաստը։ Իրավաբանությունն ինձ գրավեց իր տրամաբանությամբ․ այստեղ նույնպես պետք է տեսնես ամբողջ պատկերը և չկորցնես որևէ մանրուքը։

 

-Երաժշտությունն ու իրավունքն առաջին հայացքից տարբեր աշխարհներ են։ Ո՞րն է այն կապը, որն իրականում միավորում է դրանք։

-Կառուցվածքն ու լսելու կարողությունը։

Երաժշտությունն ունի իր տրամաբանությունը, ռիթմն ու կառուցվածքը․ իրավունքը նույնպես հստակ համակարգ է։ Երկու դեպքում էլ միայն տեխնիկային տիրապետելը բավարար չէ․ պետք է հասկանաս, թե ինչ ես անում և ինչու։

Եվ կարևոր ընդհանրություն․ երկուսն էլ պահանջում են լսել։ Երաժշտության մեջ՝ լսել հնչյունը, իրավունքում՝ լսել մարդուն և հասկանալ նրա իրական խնդիրը։

 

Մասնագիտությունը

-Եթե 5 տարեկան երեխան Ձեզ հարցնի․ «Ինչո՞ւ չեմ կարող ընկերոջս հորինած հեքիաթն իմ անունով պատմել», ինչպե՞ս կբացատրեք հեղինակային իրավունքը։

-Կասեմ․ «Այդ հեքիաթը քո ընկերոջ միտքն է, իսկ նրա միտքը հարգելը ընկերության կարևոր մաս է։ Եթե ուզում ես պատմել նրա հեքիաթը, կարող ես ասել, որ նա է հորինել։ Իսկ եթե ուզում ես քո հեքիաթն ունենալ, դու էլ կարող ես քոնը հորինել»։

Հեղինակային իրավունքի ամենապարզ գաղափարը հենց սա է․ ստեղծիր քոնը և հարգիր ուրիշի ստեղծածը։

 

-Ձեր դիտարկմամբ՝ մարդիկ այսօր ավելի շա՞տ են արժևորում իրենց մտավոր սեփականությունը, թե՞ հիշում են իրավաբանի մասին միայն խնդիր առաջանալիս։

-Իրազեկվածությունը աճում է, բայց շատ դեպքերում պաշտպանությունը սկսվում է այն ժամանակ, երբ արդեն խնդիր կա։

Մինչև կոնֆլիկտը մարդը մտածում է, թե իր հետ բան չի պատահի։ Իսկ երբ իր գաղափարը կամ ապրանքանիշը հայտնվում է ուրիշի օգտագործման տիրույթում, հասկանում է, որ կանխարգելումը շատ ավելի արդյունավետ կարող էր լինել։ Մեր խնդիրն է ցույց տալ, որ իրավական պաշտպանությունը ոչ թե հետևանքները վերացնելու, այլ խնդիրները կանխելու համար է։

 

-Ո՞րն է ամենատարածված սխալը, որն անում են ստեղծարար մարդիկ կամ բիզնեսները։

-Սեփական արդյունքը պարզապես «գաղափար» համարելը և դրա իրավական կարգավիճակն անտեսելը։

Մարդիկ շատ ժամանակ ու էներգիա են ներդնում ստեղծելու և առաջ մղելու համար, բայց քիչ են մտածում հարցերի շուրջ՝ ումն է այդ արդյունքը, ինչպես է այն պաշտպանվում, ինչ պայմաններով է օգտագործվելու։ Իրավական պաշտպանությունը պետք է սկսվի ստեղծման և զարգացման փուլում, այլ ոչ թե վեճի պահին։

 

Իրավաբանությունը՝ որպես մտածողություն

- Երաժշտության մեջ կա «բացարձակ լսողություն»։ Իսկ իրավաբանության մեջ կա՞ դրա նման մի զգացողություն, երբ դեռ ամեն ինչ նորմալ է թվում, բայց Դուք արդեն տեսնում եք թաքնված ռիսկը։

-Կա, բայց ես դա կանվանեի մասնագիտական ինտուիցիա՝ ձևավորված տարիների փորձով։

Որքան շատ իրավիճակներ ես տեսնում, այնքան ավելի արագ ես նկատում այն կետերը, որոնք հետագայում կարող են խնդիր դառնալ։

Բայց ինտուիցիան միայնակ բավարար չէ։ Այն պետք է ստուգվի փաստերով, օրենքով և վերլուծությամբ։ Հակառակ դեպքում այն կարող է պարզապես ենթադրություն լինել։

 

-Եղե՞լ է իրավիճակ, երբ առաջին հայացքից փոքր թվացող դետալի մեջ տեսել եք ավելի մեծ իրավական կամ բիզնես նշանակություն։

- Այդպիսի դեպքեր շատ են լինում, հատկապես մտավոր սեփականության ոլորտում։

Հաճախորդի համար կարևոր է թվում հիմնական գաղափարը, իսկ իրավաբանի համար հարց է առաջանում՝ ինչպե՞ս է դա ձևակերպված, ում է պատկանում արդյունքը, ի՞նչ պայմաններով կարող է օգտագործվել կամ փոխանցվել։ Փոքր մանրուքը հետագայում կարող է մեծ նշանակություն ունենալ։ Այդ պատճառով ես փորձում եմ ոչ միայն պատասխանել տրված հարցին, այլ հասկանալ, թե ինչի է ուզում հասնել մարդը։

 

-Այսօր Հայաստանում մտավոր սեփականության ո՞ր հարցերն են Ձեզ հատկապես հետաքրքրում։

-Այն հարցերը, թե ինչպես կարող ենք իրավական պաշտպանությունն ավելի մոտեցնել բիզնեսի և ստեղծարար ոլորտների իրական կարիքներին։

Տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, թվային բովանդակությունը արագ են զարգանում, և իրավական համակարգը պետք է կարողանա արձագանքել։ Բայց միայն օրենքի փոփոխությունը բավարար չէ։ Պետք է բարձրանա նաև իրազեկվածությունը, որպեսզի ստեղծողներն ու բիզնեսները հասկանան իրենց արդյունքների արժեքը։

 

Եվգենյան՝ Կոնցեռն Դիալոգում

-Ո՞րն է Ձեզ համար լավ իրավաբանի աշխատանքի գլխավոր չափանիշը։

- Որակը։

Իրավաբանի աշխատանքում վստահությունը շատ կարևոր է։ Իսկ վստահությունը ձևավորվում է ամենօրյա աշխատանքի որակով։

 

-Ի՞նչն եք ամենից շատ գնահատում Կոնցեռն Դիալոգում։

-Այն, որ այստեղ մասնագիտական բարձր չափանիշները համատեղվում են տարբեր ոլորտների նկատմամբ բաց մտածողության հետ։

Իրավական աշխատանքը միայն օրենքի տեքստի հետ աշխատանք չէ։ Պետք է հասկանալ հաճախորդի բիզնեսը, նրա նպատակները։ Կարևոր է նաև թիմային աշխատանքը․ լավ արդյունքը սովորաբար մեկ մարդու աշխատանքի արդյունք չէ։

 

-Կոնցեռն Դիալոգը չի լինի Կոնցեռն Դիալոգ, եթե կորցնի իր…

-Որակը։ Ոչ միայն աշխատանքի որակը, այլ նաև մտածողության, մոտեցման և հարաբերությունների որակը։

 

Մասնագիտությունից այն կողմ

-Եվգենյան Եվգենյա չէ, եթե իր օրվա մեջ չլինի գոնե մեկ…

-…երաժշտական պահ։

Դա կարող է լինել երաժշտություն լսելը, որևէ ստեղծագործություն հիշելը կամ պարզապես մի քանի րոպե լռությունը․ երբեմն հենց այդ փոքր դադարներն են օգնում վերադառնալ ինքդ քեզ։

 

-Դուք նաև դասավանդում եք և հետազոտական աշխատանք անում։ Իրավունքի ո՞ր թեման է Ձեզ ամենաշատը հետաքրքրում։

- Այն հարցերը, որտեղ իրավունքը հանդիպում է նոր տեխնոլոգիաներին և ստեղծարար ոլորտներին։

Հատկապես հետաքրքիր է, թե ինչպես է փոխվում մտավոր սեփականության մասին պատկերացումը տեխնոլոգիական զարգացման պայմաններում։ Այս ոլորտում շատ հարցեր դեռ վերջնական պատասխաններ չունեն, և հենց դա էլ հետաքրքիր է։

 

Վերջաբանի փոխարեն

-Եթե մի օր Կոնցեռն Դիալոգի մասին գիրք գրվի, ի՞նչ վերնագիր կընտրեիք և ինչ կուզեիք, որ Ձեր մասին գրված լիներ։

-Գուցե՝ «Իրավունքը՝ գործողության մեջ»։

Որովհետև ինձ համար աշխատանքը երբեք միայն իրավական խորհրդատվություն չէ։ Կարևոր է, թե իրավական գիտելիքը ինչ արդյունքի է վերածվում իրական կյանքում։  Իսկ իմ մասին գրված կլիներ․ նա երջանիկ մարդ է /ժպտում է/։

 

 

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21