Ամփոփվեց «Արբիտրաժային 4-րդ Ամառային Դպրոցը»․Կոնցեռն դիալոգն այս տարի ևս դպրոցի ոսկե հովանավորն է
01/07/2025
Հունիսի 26-ից 29-ը Հայաստանի Ամերիկյան Համալսարանում անցկացվեց Արբիտրաժի Ամառային Դպրոցը, որն արդեն չորրորդ տարին շարունակ մեկտեղում է արբիտրաժով հետաքրքրված ուսանողներին և ոլորտի մասնագետներին։
Դպրոցը կազմակերպվել էր Հայաստանի Արբիտրների Ասոցիացիայի և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի կողմից՝ նպատակ ունենալով խորացնել մասնակիցների գիտելիքներն ու հմտությունները թե՛ տեսական, թե՛ գործնական առումներով։
Ի թիվս առաջատար մասնագետների, դասախոսություններով հանդես եկան Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանը և գործընկեր Լիլիթ Կարապետյանը։
Դպրոցը մեկնարկեց Արամ Օրբելյանի դասընթացով, որտեղ ներկայացվեցին արբիտրաժի հիմունքները, իրավական կարգավորումները և կիրառման ոլորտները։ Նա նաև հանդես եկավ դպրոցի փակման օրը՝ վերլուծելով արբիտրաժը կառուցապատման պայմանագրերում։
Լիլիթ Կարապետյանը ներկայացավ գործնական դասախոսությամբ՝ անդրադառնալով արբիտրաժային գործընթացի փուլերին, կողմերի դերերին և վճիռների կայացման առանձնահատկություններին։ Նա նաև հանդես եկավ որպես պանելային քննարկման մոդերատոր, որին մասնակցեցին Հայաստանում գործող արբիտրաժային կառույցների ներկայացուցիչներ՝ այդ թվում Արբիտրների Ասոցիացիայից և ICC Armenia-ից։
Միջոցառման շրջանակում անցկացվեց նաև գործնական արբիտրաժային դատախաղ, որի ընթացքում մասնակիցները փորձեցին կիրառել ստացած տեսական գիտելիքները գործնական իրավիճակներում։
Կոնցեռն Դիալոգը, կարևորելով արբիտրաժային կրթության զարգացումը Հայաստանում, շարունակում է լինել ամառային դպրոցի ոսկե հովանավորը։