Կայացավ «Կալանքից դեպի այլընտրանք. պաշտպանական մարտավարություն» ինտենսիվ դասընթացը

Մայիսի 29-ին Ռուս-Հայկական համալսարանում (ՌՀՀ) տեղի ունեցավ «Կալանքից դեպի այլընտրանք. պաշտպանական մարտավարություն» խորագրով քրեական դատավարության մեկօրյա ինտենսիվ դասընթացը։ Մասնագիտական այս կարևոր նախաձեռնությունը նախագծել և իրականացրել են Կոնցեռն Դիալոգի առաջատար մասնագետները։

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել նոր օրենսդրական իրողությունների պայմաններում խափանման միջոցների կիրառման առանձնահատկությունները, ժամանակակից մոտեցումներն ու առկա խնդիրները՝ համադրելով խորքային տեսական գիտելիքները բացառիկ պրակտիկ փորձի և պաշտպանական մարտավարության հնարքների հետ։

Դասընթացի մեկնարկը և հիմնական թեմաները

Բացման խոսքով հանդես եկավ Կոնցեռն Դիալոգի գործընկեր, քրեական իրավունքի և քրեական դատավարության պրակտիկայի ղեկավար, փաստաբան Սերգեյ Մարաբյանը, ով ներկայացրեց օրակարգը, խոսնակներին և օրվա հիմնական անելիքները։

Առաջին զեկույցը ևս վերապահված էր Սերգեյ Մարաբյանին, ով հանգամանալից անդրադարձավ «Կալանք խափանման միջոցի կիրառման առանձնահատկությունները» թեմային։ Որպես քրեական գործերով 10 տարվա փորձառությամբ նախկին դատավոր (այդ թվում՝ Հակակոռուպցիոն վերաքննիչ և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր)՝ նա մասնակիցներին ներկայացրեց դատական պրակտիկայի նրբություններն ու խնդրահարույց ասպեկտները։

Կոնցեռն Դիալոգի իրավաբան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, ասպիրանտ Արեգ Յոլչյանը ներկայացրեց «Տնային կալանքը որպես «անազատության այլընտրանք» արդի հիմնահարցեր» թեման՝ վերլուծելով այս ինստիտուտի կիրառման գործնական արդյունավետությունն ու իրավական բացերը։

Իրավաբան, փաստաբան և ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, ասպիրանտ Անահիտ Առաքելյանը նվիրված էր «Վարչական հսկողություն. ժամանակակից մոտեցումներ և խնդիրներ» թեմային։

Գործնական մոտեցումներ և հատուկ սուբյեկտներ

Դասընթացի երկրորդ մասը մեկնարկեց իրավաբան, փաստաբան և ՀՌՀ մագիստրանտ Սվետլանա Մկրտչյանի ելույթով։ Նա ներկայացրեց «Գրավը և պաշտոնավարման կասեցումը, սեփականության և աշխատանքի իրավունքների սահմանափակման հայեցակարգեր» թեման՝ շեշտադրելով մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքները քրեական դատավարությունում։

Այնուհետև Արեգ Յոլչյանը կրկին հանդես եկավ զեկույցով՝ այս անգամ անդրադառնալով «Բացակայելու արգելք և երաշխավորություն. ավանդական խափանման միջոցները նոր օրենսդրական իրողության պայմաններում» թեմային։

Դասընթացի տեսական-վերլուծական մասն ամփոփեց Սերգեյ Մարաբյանը՝ ներկայացնելով «Դաստիարակչական և զինվորական հսկողությունը որպես հատուկ սուբյեկտների նկատմամբ կիրառվող խափանման միջոցներ» թեման։ 

Ինտերակտիվ քննարկումներ և գործնական առաջադրանքներ

Դասընթացն ուներ ընդգծված պրակտիկ բնույթ։ Օրվա ընթացքում մասնակիցների հետ քննարկվեցին իրական դեպքեր, որոնց շուրջ ծավալվեց ակտիվ մասնագիտական քննարկում։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ստացված տեսական գիտելիքները կիրառել դեպքերի վերլուծության մեջ և ստանալ խոսնակների ուղղորդումներն ու մեկնաբանությունները։

Կոնցեռն Դիալոգն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր մասնակիցներին՝ բարձր ներգրավվածության և արդյունավետ քննարկումների համար, ինչպես նաև Ռուս-Հայկական համալսարանին՝ հուսալի գործընկերության և բարձր մակարդակով հյուրընկալության համար։

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21

Հայաստան, Չարենցի 1, Գրասենյակ 207, Երևան, 0025

+374 60 27 88 88 +374 10 57 51 21